Խմելու ջուր Խնածախին
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում ապրում է 550 բնակիչ։ Բնակավայրի ջրամատակարարման խորքային պոմպը գտնվում էր վթարային վիճակում, ջրի մատակարարման բարձր ճնշման խողովակը քայքայված էր։ Արդունքում բնակիչներին ջուր մատակարարվում էր ոչ ամեն օր, այն էլ՝ մեկ երկու ժամով։
2024 թվականին Շեն Ֆրանսիայի ֆինանսական աջակցությամբ սկսեցինք «Խմելու ջուր Խնածախին» ծրագիրը։ Այս ծրագրի նպատակն էր գործող փոքր ծավալների ջրավազանում ունենալ նոր ու հզոր ջրամղիչ պոմպ, որը հնարավորություն կտար օրվա ընթացքում մինչև 8 ժամ ակտիվ աշխատանքի դեպքում կուտակել անհրաժեշտ քանակությամբ ջուր, իսկ դրանից հետո ջուրը հասցնել գյուղի բնակիչներին, ինչպես նաև անցկացնել նոր՝ մինչև 450 մ երկարությամբ ջրագիծ՝ խուսափելով հնարավոր կորուստներից։
Օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Տեղ համայնքի ակտիվ ներգրավվածությամբ իրականացրեցինք Խնածախ բնակավայրի խմելու ջրագծի և պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես նախատեսել էինք՝ տեղադրեցինք ժամում 9 մ3 հզորությամբ խորքային պոմպ, փոխեցինք 450 մ երկարությամբ ջրի մատակարարման խողովակը (75 մմ տրամագծով և 16 մթնոլորտային ճնշման պլաստիկ)։ Այնուհետև վերանորոգեցինք 50մ3 տարողությամբ ջրի կուտակման ավազանը, պոմպի ավտոմատ միացման համակարգի համար կառուցեցինք 8մ2 շինություն և ցանկապատեցինք պոմպակայանի 30մ2 տարածքը։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց 7․424․038 ՀՀ դրամ, որից 5․127․980 ՀՀ դրամը հանգանակեց Շեն Ֆրանսիան, իսկ 1․755․058 ՀՀ դրամը՝ Տեղ համայնքի ներդրումն էր։
Ծրագրի իրակնացման արդյունքում Խնածախի բնակիչները հնարավորություն են ստացել ունենալ շուրջօրյա ջրամատակարարում։ Ծրագրի իրականացումն ունի նաև ռազմավարական մեծ նշանակություն։ Ինչո՞ւ, քանի որ վերականգնելով սահմանամերձ դարձած բնակավայրի ենթակառուցվածքները, մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել այստեղ ապրող ժողովրդի համար, որպեսզի նրանք չլքեն իրենց տները և շարունակեն ապրել ու արարել այս հողում՝ ուժեղ պահելով հայրենի սահմանները։