
Վարելահողերի վերականգնում Գեղաքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզում լքված ու ոչ նպատակային օգտագործվող վարելահողերի մակերեսը ամեն տարի աճում է: Սա պայմանավորված է մի շարք առանցքային խնդիրներով, որոնք են ոռոգման ջրի բացակայությունը, քարքարոտությունը, հողի որակը, անկանոն արածեցումը և այլն: Այս ամենի պատճառով նման հողատեսքերը ապահովում են ցածր բերքատվություն և դրանց շահագործումը տնտեսապես եկամտաբեր չէ:

Գերմանական Bread for the World (Հաց աշխարհին) կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» եռամյա ծրագրի «Լքված հողերի մշակման» բաղադրիչը «Շեն» բարեգործական հասարակակական կազմակերպությունն իրականացնում է հենց այս խնդիրների լուծման ուղղությամբ: Բաղադրիչի շրջանակում 2025 թ.-ին Գեղարքունիքի մարզի Տորֆավան, Վանեվան և Մեծ Մասրիկ բնակավայրերում նախաձեռնեցինք փորձարարական ծրագիր վարելահողերի բարելավման ու նպատակային նշանակության վերականգնման ուղղությամբ:

Ծրագրի շրջանակներում 21 հա անմշակ վարելահողերի մշակություն է իրականացվել: Կատարվել է առվույտի և կորնգանի ցանք՝ գարնանացան գարու ենթացանքով: Իրականացվել է փորձարարական ցանքերի հողի լաբորատոր ուսումնասիրություն, որի հիման վրա նշված վարելահողերը պարարտացվել են: Ներգրավված գյուղատնտեսների կողմից կազմվել է մշակության տարեկան ծրագիր, որը ներառում է պարարտացման սխեմա և ցանքի ու խնամքի աշխատանքների նկարագրություն: Միևնույն ժամանակ նախատեսվում է խմբային պատասխանատվությամբ կանխել փորձարարական ցանքերի անկանոն արածեցումը:
Իրականացված միջոցառումներին զուգահեռ շահառուներին տրամադրել ենք կորնգանի սերմ, պարարտանյութ և վառելիք ագրոտեխնիկակական աշխատանքներն իրականացնելու համար: