Համայնքային մասնակցություն՝ կլիմայակայուն ապագայի համար
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շվեյցարական WSL և Planval կազմակերպությունների համագործակցությամբ շարունակում է իրականացնել համայնքների դիմակայունության բարձրացման գործընթացը Լոռու մարզի Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում։ Աշխատանքն իրականացվում է Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող FORACCA ծրագրի շրջանակում։
Հոկտեմբերի 21-ին Լեռնավանում անցկացրեցինք հերթական՝ երկրորդ աշխատաժողովը, որի ընթացքում քննարկվեցին 2024թ. հուլիսին կայացած առաջին հանդիպման արդյունքները, գնահատվեցին համայնքում առկա կլիմայական ռիսկերը և հնարավորությունները, ինչպես նաև ձևակերպվեցին առաջին գաղափարները՝ Լեռնավան բնակավայրի հարմարվողականության բարձրացման ուղղությամբ։
Աշխատաժողովը դարձավ հարթակ համայնքի, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների և մասնագետների միջև գիտելիքի փոխանակման, ներառական պլանավորման խթանման և տեղական առաջնորդության ամրապնդման համար։ Այս գործընթացը նպատակ ունի աջակցելու համայնքներին, որպեսզի նվազեցնեն կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող ռիսկերը, օգտագործեն նոր հնարավորությունները և պատրաստ լինեն ինչպես ներկա, այնպես էլ ապագա կլիմայական մարտահրավերներին։
Շնորհակալություն ենք հայտնում Լոռու մարզպետարանին, Սպիտակի համայնքապետարանին, Սպիտակի պետական քոլեջին, Հայանտառի Վանաձորի անտառտնտեսությանը և Լեռնավան բնակավայրի բնակիչներին ակտիվ մասնակցության և համագործակցության համար։ Այս ներգրավվածությունը կարևոր ներդրում է տեղական մակարդակով կայուն զարգացման և կլիմայի դիմակայունության ամրապնդման գործընթացում։
Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս իրականացնող կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ Ծրագիրն իրականացվում է Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների Շվեյցարիայի դաշնային ինստիտուտի (WSL) հետ համատեղ։