Image
Shenavan Agroforestry

Շենավանի ագրոանտառի աշնանային և ձմեռային աշխատանքները

Image
Shenavan Agroforestry

Ֆրանսիական «A Tree for You» («Ծառ քեզ համար») կազմակերպության ֆինանսական աջակցության շնորհիվ 2024 թվականի գարնանը «Շեն» ԲՀԿ-ն նախաձեռնեց «7 հա տարածքի ագրոանտառաբուծական վերականգնում Շենավանում» ծրագիրը, որի նպատակն էր վերականգնել 7 հա անտառային լանդշաֆտը՝ ներառելով ագրոանտառային համակարգեր։

Վերհիշելով գարուն-ամառ աշխատանքային շրջանը

Image
Shenavan Agroforestry

Ծրագիրը մեկնարկեց 2024 թվականի գարնանը, և մինչև ամառվա վերջ հաջողվեց կատարել ագրոանտառային 7 հա տարածքի չափագրումները, կառուցել 1800 մ երկարությամբ ցանկապատ՝ երկկողմանի դարպասներով և ցուցանակով, հարթեցնել տարածքի ճանապարհը, ցանել վարսակ և լոբի, ձեռք բերել բաց և փակ արմատային համակարգով 22․300 տնկի, որից տնկել 7500 ծառաթփային տնկիները՝ հիմնականում բաց արմատային համակարգով, տնկել բարդիների դաշտապաշտպան անտառաշերտ, ինչպես նաև ագրոանտառային տնկարկներում տեղադրել բնական էկոհամակարգին մոտ կաթիլային ոռոգման համակարգ: 

Image
Shenavan Agroforestry

Խնամք և բերքահավաք

Սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում համայնքի նախաձեռնող խումբն սկսեց տնկարկի խնամքը, իրականացրեց վարսակի խոտհունձը և լոբու բերքահավաքը։ Սեփական ֆինանսական և տեխնիկական միջոցներով վարսակի կանաչ զանգվածը քաղեցին, չորացրին և հակավորեցին։ Ընդհանուր առմամբ հավաքվեց 40 հակ խոտ, և խմբի անդամների համաձայնությամբ, ամբողջը հանձնեցին խմբի՝ անասնապահությամբ զբաղվող անդամին։ Հատիկ լոբու մասով նշենք, որ հիմնական աշխատանքն իրականացրել են խմբի կին անդամները, ովքեր բերքահավաքն ավարտելուց հետո մաքրել ու պահեստավորել են մոտ 1,5 ցենտներ լոբի։ 

Image
Shenavan Agroforestry

Ընթացիկ ժամանակահատվածում խումբը որոշեց աճեցնել սխտոր՝ որպես թանկարժեք և պահանջարկ ունեցող մշակաբույս, և կանաչ լոբի՝ որպես կարճ վեգետացիա ունեցող և հողի բերրիությունը բարձրացնող մշակաբույսեր: Այդ տեսակների տնկման աշխատանքները կատարեցին լոբու ցանքատարածության ներքևի հատվածում՝ մոտ 1000 մ² տարածքում։ Խումբը նախատեսում է մնացած բերքը ցանել 2025 թվականի գարնանը։ 

Image
Shenavan Agroforestry

Աշուն-ձմեռ տնկման աշխատանքները

Աշնանային տնկումից առաջ ծրագրի մասնագետները գործնական ուսուցում և տեխնիկական խորհրդատվություն անցկացրեցին շահառուների համար, որպեսզի տնկումը կատարվի կոնտուրային գծերով` էրոզիան նվազեցնելու կամ անգամ կանխելու նպատակով: 

Image
Shenavan Agroforestry

Անտառտնկարկի հատվածում որոշակի քանակությամբ փոսերի նախապատրաստումից հետո, ըստ նախատեսված տեսակային կազմի, սկսվեց տնկիների և կտրոնների մատակարարումը։ Տնկման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար հոկտեմբերից մինչև նոյեմբերի վերջն ընդմիջումներով իրականացվեց տնկիների տեղափոխումը տարբեր մատակարարներից։ Ընդհանուր առմամբ ձեռք բերվեց՝ 750 թանթրվենի (Sambucus nigra), 2750 սև և կարմիր հաղարջ (Ribes nigrum) և 1000 մամուխ (Prunus spinosa), 2000 արոսենի (Sorbus aucuparia) և 1300 վայրի սալորենի (Prunus spec.) փակ արմատային համակարգով, 1500 վայրի խնձորենի (Malus orient.), 1000 հացենի (Fraxinus excelsior) և թխկի (Acer trautvetteri), 1500 կեչի (Betula litvinowii) և 2000 կաղնի (Quercus macranther) փակ արմատային համակարգով: 

Image
Shenavan Agroforestry
Image
Shenavan Agroforestry

Տնկելուց հետո տնկիները ջրում էին, իսկ տնկման աշխատանքներին զուգահեռ շարունակում էին փոսերի պատրաստումը աշխատանքներն արագ կազմակերպելու համար։ Ավելորդ է նշել, որ ծանր ֆիզիկական աշխատանքը կատարում էին խմբի տղամարդիկ, իսկ կանայք իրականացնում էին տնկման աշխատանքները։

Ամբողջ 5 հա անտառային տարածքը տնկվեց նախատեսված սխեմայով, և հաշվի առնելով ռելիեֆի առանձնահատկությունները՝ ծրագրի փորձագետները պատրաստեցին փոսերի տեղորոշման մեխանիկական հարմարանքներ։ Դրանց կիրառումը հնարավորություն կտա նվազեցնել կամ մեղմել թեք լանջերի հողատարման վտանգը։ 

Image
Shenavan Agroforestry
Image
Shenavan Agroforestry

Ընդհանուր առմամբ տնկվեց 13․300 տնկի` ծրագրի իրականացման ընթացքում տնկված ծառերի ընդհանուր թիվը հասցնելով 20․800-ի: 

Image
Shenavan Agroforestry

Մարտահրավերների հաղթահարումը

Աշնանային ծառատունկն անցավ փոփոխական եղանակային պայմաններում, ինչը նոյեմբերի կեսերից անհարմարություններ էր ստեղծում աշխատանքների իրականացման համար, քանի որ լանջի կտրտված ռելիեֆի պարագայում հնարավոր չէր ակոսներով տնկում կատարել։ Ավելին, դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում մշտական ձնածածկույթի պատճառով անհնար դարձավ ավարտել տնկումը և շուրջ 500 կաղնու բաց ու 1000 կեչու փակ արմատային համակարգով տնկիներ հնարավոր չեղավ տնկել։ Փակ արմատային համակարգով տնկիները պահեստավորվեցին, իսկ բաց արմատային համակարգովները խրամատավորվեցին, որպեսզի տնկվեն 2025 թվականի վաղ գարնանը՝ նախքան հյութաշարժի սկիզբը: 

Image
Shenavan Agroforestry

Իրականում մարտահրավերները չեն սահմանափակվել միայն եղանակային պայմաններով․ եղել են սարքավորումների շահագործման խափանումներ, կաթիլային ոռոգման համակարգի խցանումներ, աշխատանքի սխալ կազմակերպման ու համայնքի բնակիչների համախմբվածության խնդիրներ, մշակաբույսերի վնասատուներ։ Այնուամենայնիվ, ծրագրի փորձագետների, ինչպես նաև արտաքին մասնագետների և համայնքի ղեկավարների անմիջական մասնակցության և համատեղ ջանքերի շնորհիվ գտել ենք լուծումներ, հաղթահարել դժվարությունները և մոտիվացրել բոլոր շահագրգիռ կողմերին: 

Image
Shenavan Agroforestry

Լրացուցիչ գործողություններ

Ողջ փուլի ընթացքում ծրագրի փորձագետները պարբերաբար ճանաչողական այցեր էին կատարում, ինչպես նաև քննարկումներ և աշխատաժողովներ անցկացնում նախաձեռնող խմբի անդամների հետ: Նախաձեռնող խմբի հանդիպումները պատշաճ կազմակերպելու համար համայնքը տարածք հատկացրեց վարչական շենքում, որը հիմնանորոգվեց նախաձեռնող խմբի անդամների և համայնքի սրտացավ բնակիչների համատեղ ջանքերով։ 

Image
Shenavan Agroforestry

Ամփոփելով ծրագրի աշուն-ձմեռ փուլը՝ կարելի է ասել, որ ագրոանտառային տնտեսության հիմնումը գրեթե ավարտված է, մինչդեռ ամբողջ անտառտնկումը կավարտվի 2025 թվականի վաղ գարնանը։ Տնկիների կպչողականությունը և նախորդ գարնանը տնկվածների վերաճի ցուցանիշները հնարավոր կլինի գնահատել ուշ գարնանից մինչև աշուն ընկած ժամանակահատվածում, որից հետո ըստ անհրաժեշտության կկատարվեն անհրաժեշտ լրացումներ և շտկումներ:

Արժեվորելով «A Tree for You»-ի աջակցությունը

Image
Shenavan Agroforestry

Շենավանի ագրոանտառաբուծության նախաձեռնությունը ոչ միայն վերափոխել է Շենավանը, այլև ոգեշնչել է հայկական մյուս համայնքներին մտածել ագրոանտառաբուծության մասին: Աճող հետաքրքրության մասին են վկայում այն բազմաթիվ հարցումները, որոնք «Շեն» ԲՀԿ-ն ստանում է հանրապետության տարբեր համայնքներից: Շենավանի ագրոանտառը հանդիսանում է դիմակայունության, նորարարության և համայնքային ոգու խորհրդանիշ՝ կայուն զարգացման փարոս Հայաստանում: 

Այս ամենն անհնարին կլիներ առանց «A Tree for You»-ի հսկայական աջակցության:
 

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել