Image
FORACCA launch

Մեկնարկեց «FORACCA» ծրագրի հիմնական փուլը

2025 թվականի մարտին մեկնարկեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի հիմնական փուլը, որը նշանակալից քայլ է Հայաստանի անտառային լանդշաֆտների բարելավման և կլիմայական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։ Ծրագրի հիմնական փուլը կտևի մինչև 2028 թվականի դեկտեմբերը:

Image
Shenavan Agroforestry Area

Ծրագիրն իրականացնում են Հայաստանի անտառային դաշինքի անդամ կազմակերպությունները։

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որպես ծրագրի գլխավոր գործընկեր, նպատակ ունի զարգացնելու ագրոանտառաբուծական նորարարական պրակտիկան Հայաստանում: Ծրագրի շրջանակներում «Շեն»-ը ՀՀ հինգ մարզերում կհիմնի ընդհանուր 60 հա ագրոանտառային համակարգեր և դաշտապաշտպան անտառաշերտեր: Այդ տարածքները ներառում են Շիրակի մարզի Մեծ Մանթաշ, Արագածոտնի մարզի Թթուջուր, Լոռու մարզի Լեռնավան, Սյունիքի մարզի Բալաք և Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակավայրերը: Հայաստանում առաջին անգամ ագրոանտառային համակարգը հաջողությամբ հիմնվել է «Շեն»-ի կողմից 2024 թվականին Լոռու մարզի Շենավան գյուղի 7 հա տարածքում

Image
Shenavan Agroforestry

Ագրոանտառային համակարգում անտառային և գյուղատնտեսական կուլտուրաների համատեղումը խթանում է էկոհամակարգի դիմակայունությունը՝ միաժամանակ ստեղծելով տնտեսական հնարավորություններ համայնքների համար: Ինչպես ցույց է տվել «Շեն»-ի փորձը, այս մոտեցումը ստեղծում է երկուստեք շահեկան իրավիճակ: Տնտեսական շահի առկայության դեպքում համայնքներն ավելի պատրաստակամ են չմշակվող հողատարածքները հատկացնել անտառապատման նպատակով:

Image
My Forest Armenia_FORACCA

«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը(link is external) կիրականացնի երեք տարբեր բաղադրիչ։ Այս տարվա գարնանը Լեռնաջուր 4 անտառապատման տարածքում կիրականացվի 320 հեկտարի տնկում ստանդարտ մեթոդով։ Հաջորդ տարիներին Շիրակամուտի անտառապատման տարածքում կաթիլային ոռոգմամբ կտնկվի ևս 10 հա՝ ներառելով բարձրարժեք անտառային ծառատեսակներ: Այս մեթոդն արդեն հաջողությամբ փորձարկվել է կազմակերպության կողմից 2 հեկտարի վրա։ Վերջապես, երրորդ բաղադրիչը անտառի վերափոխման աշխատանքներն են դեգրադացված մոնոմշակութային սոճու անտառի 50 հեկտարի վրա՝ տնկելով սաղարթավոր անտառային ծառերի և թփերի տարբեր տեսակներ: Բացի այդ, այս գարնանից սկսած 2023 թվականին Լեռնաջուր 1 և 2-ում տնկված երիտասարդ անտառի 140 հեկտարի վրա կիրականացվեն խնամքի կարևոր աշխատանքներ։

Image
ATP_FORACCA

«ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամը(link is external) Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքում 2025-2028թթ․-ին կիրականացնի 100 հեկտար անտառտնկում և 200 հեկտար արոտավայրերի վերականգնում։ Նախաձեռնության շրջանակում ակնկալվում է համայնքի շուրջ 100-150 բնակիչների ապահովել ծառատունկի և խնամքի սեզոնային աշխատանքներով։ Ավելին, կազմակերպության «Տնամերձ տնկարաններ» ծրագիրը կաջակցի 50 շահառու ընտանիքների Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում՝ ընդլայնելով ծրագրի սոցիալական աջակցության  բաղադրիչի ազդեցությունը։ Ընդհանուր առմամբ, նախաձեռնությունը կամրապնդի համայնքի ներուժը՝ դիմակայելու կլիմայի փոփոխությանը, զարգացնելու անտառների կայուն կառավարման և թիրախ համայնքում կլիմայախելամիտ գործելակերպի կիրառման կարողունակությունը:

Image
FPWC_FORACCA

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)(link is external) FORACCA ծրագրի շրջանակներում կվերականգնի 230 հա դեգրադացված հողատարածք Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ կիրառելով բնիկ ծառատեսակների աճեցման թիրախային հայեցակարգային մեթոդը: Պահպանության ոլորտում որպես առաջատար կազմակերպություն՝ FPWC-ն հանձնառու է կենսաբազմազանության և էկոհամակարգերի դիմակայունության բարձրացմանը: Անտառվերականգնման աշխատանքները կիրականացվեն FPWC-ի կողմից մասնավոր պահպանվող Կովկասյան վայրի բնության ապաստարանի մաս հանդիսացող համայնքային հողերում՝ ապահովելով վերականգնված անտառի երկարաժամկետ պաշտպանությունը և կայուն կառավարումը:

Վերոնշյալ կազմակերպությունների համատեղ ջանքերով կստեղծվի Հայաստանի անտառային դաշինքի քարտուղարությունը։ Այն ձեռնամուխ կլինի Հայաստանի անտառածածկույթի վերականգնման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ու մեղմացման քաղաքականությունների բարելավմանը:

FORACCA-ի գործարկմամբ Հայաստանը վճռորոշ քայլ է կատարում կլիմայական դիմակայունության և կայուն ապագայի ուղղությամբ: Ծրագիրը սերտորեն կաշխատի ազգային և տեղական շահագրգիռ կողմերի հետ՝ երկարաժամկետ ազդեցություն և հաջողություն ապահովելու համար: Այն միավորում է Շվեյցարիայի ժամանակակից գիտական միտքը՝ օգտագործելով անտառների, լանդշաֆտի և կլիմայի հետազոտությունների ավելի քան մեկդարյա փորձը:

«Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրն աջակցում է անտառների վերականգնմանը և նպաստում է Հայաստանում կլիմայի փոփոխության հարմարվողականությանը: Ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս իրականացնող կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից:
 

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել