Մեղրաշենում այս տարի հացն առատ է
2020 թվականին «Շեն» ԲՀԿ-ն Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղում «Ամքոր Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեց Աջակցություն Մեղրաշեն գյուղի զարգացմանը ծրագիրը։ Բազմաբաղադրիչ ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ վերանորոգել և կահավորել Մեղրաշենի դպրոցի սպորտդահլիճը։ Ծրագրի ընթացքում «Շեն»-ի փորձագետների՝ գյուղատնտեսների, ագրոբիզնեսի և կոոպերատիվի մասնագետների թիմի կողմից անցկացվեցին մասնագիտական ուսուցումներ և դասընթացներ։
Մեղրաշենցիները կոոպերատիվ հիմնեցին
Արդեն 2021 թվականին ակտիվ մեղրաշենցիները ձևավորվեցին և հիմնադրեցին «Մեղրաշենի գյուղատնտեսական» սպառողական կոոպերատիվը։ Ընդհանուր ժողովը որոշեց կոոպերատիվի անդամների համար որպես անդամավճար սահմանել 50000 դրամ։ Կոոպերատիվն ունի 7 անդամ, որոնցից 3-ը կանայք են։ Գործունեության հիմնական ուղղությունը հացահատիկի զտումն ու ախտահանումն է։ «Շեն»-ը կոոպերատիվին տրամադրեց զտման կայանի գործարկման համար անհրաժեշտ սարքավորումներ՝ զտիչ, ախտահանիչ, ինչպես նաև՝ կերաղաց, որը կաշխատի ամբողջ տարին։ Զգալի էր նաև կոոպերատիվի սեփական ներդրումը ծրագրում: Մասնավորապես, Շենի կողմից տրամադրված շինանյութով, մասամբ՝ նաև կոոպերատիվի կողմից ձեռք բերված շինանյութով, անդամների ուժերով վերանորոգվեց և կահավորվեց կոոպերատիվի գրասենյակը, կառուցվեց զտման կայանի արտադրամասը։
Կայանում հիմնականում զտում և ախտահանում են կոոպերատիվի անդամների հացահատիկը։ Անդամները զտված սերմն օգտագործելու են թե՛ սեփական հողատարածքներում ցանքսի, թե՛ որոշ մասով՝ վաճառքի նպատակով։ Մինչ զտման կայանի հիմնումը հացահատիկը զտվում և ախտահանվում էր ձեռքի աշխատանքով՝ մեխանիկական եղանակով։ Դրա պատճառով սերմի որակը խիստ ցածր էր ստացվում, և ֆերմերները ստիպված էին լինում 1 հա-ի հաշվով նորմայից շատ սերմ ցանել։
Դժվարությունից հաջողություն
Անցած գյուղատնտեսական տարվա համատարած երաշտի պատճառով Մեղրաշենում ևս հացահատիկի բերքը կամ խիստ սակավ էր, կամ բացակայում էր, ուստի զտման կայանի գործարկումը հնարավոր չեղավ։ Այս տարի արդեն մեղրաշենցիները գոհ են բերքից, իսկ կոոպերատիվի անդամները՝ զտման կայանի ծանրաբեռնված աշխատանքից։ Կոոպերատիվում այս տարի դեռ զտել և ախտահանել են կոոպերատիվի անդամ չհանդիսացող մի քանի ֆերմերների հացահատիկ: Սակայն առաջիկայում մատուցվելիք ծառայությունների վերաբերյալ պայմանավորվածությունները բավականին շատ են։
Կոոպերատիվի գործունեության շնորհիվ ստեղծվել են աշխատատեղեր։ Կայանի աշխատանքներում ներգրավված է մոտ 10 աշխատակից, որոնցից միայն չորսն են կոոպերատիվի անդամներ։ Իսկ ամենակարևոր ձեռքբերումն ըստ անդամների կարծիքի այն է, որ կոոպերատիվի շնորհիվ ոչ միայն կարողանում են անվճար զտել և ախտահանել իրենց հացահատիկը, այլև՝ ծառայություն մատուցել անդամ չհանդիսացող ֆերմերների: